Անհայտ անձինք այրել են «Սանիթեք»-ի աղբամանները. (լուսանկարներ)
Էրեբունի վարչական շրջանի «Նոր Արեշ» թաղամասում այրվել են «Սանիթեք» ՍՊԸ աղբամանները:
Այս մասին լուրը newspress.am-ի հետ զրույցում հաստատեցին Էրեբունի վարչական շրջանի աշխատակիցները, սակայն դժվարացան պատասխանել, թե կոնկրետ որ տարածքում է դեպքը տեղի ունեցել:
Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ազատամարտիկների փողոցում, ուստի փորձեցինք այս համատիրության ղեկավարից պարզել, թե ինչ հանգամանքներում և ով է այրել աղբամանները:
Սակայն թաղամասն սպասարկող «Արես» համատիրության աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ տեղյակ չեն կատարվածից: Ավելին՝ համատիրության նախագահը նկատեց, որ «Սանիթեք»-ի հետ չեն աշխատում և ոչինիչ ասել չեն կարող:
Նրանք տվեցին «Սասունցի Դավիթ» համատիրության համարը, որը սպասարկում է Արցախի 14 շենքը: Բայց այստեղ էլ պարզվում է տեղյակ չէին կատարվածից:
Թե ինչով էր պայմանավորված գնդակը դաշտից դաշտ գցելն ու կատարվածը գաղտնիք պահելը, այդպես էլ պարզ չդարձավ: Ակնհայտ է միայն, որ այրված աղբամանները կան ու դա արվել է, ըստ երևույթին քաղաքացիների ձեռքով:
Մեր տեղեկություններով «Սանիթեք»-ը արդեն փոխել է աղբմանները, սակայն, եթե քաղաքացիների բարի կամք չդրսևորվի և համատիրությունն էլ անհաղորդ մնա իր համատիրությունում կատարված իրադարձություններին, ապա չի բացառվում, որ պատմությունը դարձյալ կարող է կրկնվել:

