Հովիկ Աբրահամյանը փողերը ետ է ուզում
Կառավարությունում փողի կրիզիսը ամեն անգամ իրեն զգացնել է տալիս: Փողերի հավաքագրումն ու բյուջեն գոնե արհեստական շնչառության տակ պահելը դարձել է վարչապետի պատվի հարցը: Փողերը հետ բերեք, մեզանից էլ ակնկալիք մի ունեցեք, մոտավորապես այսպես վարչապետը դիմեց կառավարության ենթակա օղակներից մեկին`կադաստրի պետական կոմիտեին: Իհարկե ցանկացած երկրում դժվար է պետական մի կառույցի համար աշխատել այնպիսի կառավարության հետ, ով անթաքույց ասում է` մեզանից ակնկալիք չունենաք: Դժվար է նաև այն կառավարության ղեկավարի համար, ով խոստացել է, որ կլինի լավ վարչապետ, բայց չի ստացվում:
Ամեն կողմից վարչապետի համար պայմանները նպաստավոր չեն. միջազգային կառույցները ամեն շաբաթ մի ուղղություն ընտրելով ահազանգ են հչեցնում: Կոռուպցիայի մեջ թաթախված Հայաստանում մեծահարուստների բևեռացման ֆոնին ՄԱԿ-ի զեկույցում բարձրացվում է Հայաստանի ազգաբնակչության թերսնված լինելու խնդիրը: Միակ լուսավոր կետը Հովիկ Աբրահամյանի համար կարող էր լինել ապրիլի 7-ին ՌԴ-յան վարչապետի այցը Հայաստան, բայց պարզվում է` դա էլ է խամրում:
Վարչապետ Աբրահամյանն այս ընթացքում շատ էր խոսում, որ Ռուսաստանի հետ բանակցում է գազի գինը նվազեցնելու հարցում: Հիմա էլ արդեն բաց տեքստով ասվում է, որ ապրիլից կնվազի հայ սպառողին մատակարարվող գազի գինը, ինչն անխուսափելիորեն կարժանանա բնակչության կամ այսպես ասած` հիմնական ընտրազանգվածի դրական վերաբերմունքին: Բայց պարզվում է, որ գազի գինը Ռուսաստանի վարչապետը կներկայացնի ոչ թե Հովիկ Հբրահամյանին, այլ ինչպես արդեն ասվում է`Սերժ Սարգսյանին, ուստի և գազի գնի նվազեցման դափնին չի պատկանի Հովիկ Աբրահամյանին: Ահա թե ինչու Հովիկ Աբրահամյանին մնում է իր ստորադաս օղակներին հիշեցնել`փողերը ետ տվեք: