Դիարբեքիրում զինվորական անցակետ են պայթեցրել
Երեկ երեկոյան Թուրքիայի հարավ-արևելքում զինվորական անցակետ են պայթեցրել։ Տեղեկացնում է Sondakika.com կայքը։
Մարտի 24-ին Թուրքիայի ժամանակով երեկոյան 21.15-ին Դիարբեքիրի Լիջե շրջանում ճանապարհին տեղակայված զինվորական անցակետի մոտ մեքենա է պայթեցվել։ Մեքենան բեռնված է եղել 1,5 տոննա պայթուցիկով։ Պայթունի հետևանքով 3 զինվոր մահացել է, իսկ 24 զինվորի ծանր վնասվածքներով տեղափոխել են Դիարբեքիրի զինվորական հոսպիտալ։
Պայթեցումից հետո բախում է սկսվել թուրք զինվորների և քուրդ զինյալների միջև։ 15 րոպե տևած հրաձգությունից հետո քուրդ զինյալները կարողացել են հեռանալ դեպի լեռները։ Դրանից հետո մեծ թվով անվտանգության ուժեր և շտապօգնության մեքենաներ են ժամանել դեպքի վայր։