Ռուսաստանը պարզապես փորձում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա․ ադրբեջանցի պատգամավոր
Եկատերինբուրգում բնակվող ադրբեջանցիների դեմ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունները ռուսական շովինիզմի վառ օրինակ են։
Այս մասին ասվել է պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուի «Report»-ին տված մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով, եթե նախկինում որոշակի պատճառներ էին փնտրում ադրբեջանցիների ճնշման և պատժի համար, ապա այժմ ռուսական շովինիզմն այնքան ագրեսիվ է դարձել, որ այս երկրում առանց որևէ պատճառի հարձակվում, ձերբակալում և բռնություն են կիրառում ցանկացած ադրբեջանցու:
«Այս ամենը ցույց է տալիս, որ իրականում այս հարձակումը կապված չէ ադրբեջանցիների կողմից կատարված որևէ հանցագործության հետ, Ռուսաստանը պարզապես փորձում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»։
Պատգամավորը սա բացատրեց նրանով, որ Ռուսաստանը չի ցանկանում հաշտվել Ադրբեջանի կողմից ստեղծված նոր իրողությունների հետ: