Եմենի հութիները ստանձնել են Իսրայելի Բեն Գուրիոնի օդանավակայանի հրթիռային հարվածի պատասխանատվությունը
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները հրթիռային հարձակում են սկսել Իսրայելի տարածքի վրա՝ հարձակվելով Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։
Այս մասին հութիներին պատկանող «Ալ Մասիրահ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ապստամբների կողմից ձևավորված զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ հարձակվելով օկուպացված Ջաֆա շրջանում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանի վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռ։ Գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին», - ասել է խոսնակը։
Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է։ Սարիան նաև հայտնել է, որ եմենցի ապստամբները երեք անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելի Աշկելոն, Թել Ավիվ և Էյլաթ քաղաքներում գտնվող վայրերի վրա։