ՀՀԿ-ն որոշել է հիմնել քաղաքական դպրոց` Անդրանիկ Մարգարյանի անունով
«Քաղաքական առաջադեմ կուսակցություններն ունեն քաղաքական դպրոց: ՀՀԿ-ն որոշել է հիմնել քաղաքական դպրոց, որը կկրի կուսակցության նախկին առաջնորդ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը»:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ դա առաջին որոշումն էրմ որ կայացվել է այսօրվա ԳՄ նիստում: «Տնդհանուր առմամբ կայացվել է երեք որոշում»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ նիստը վարել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Կուսակցության ընդունած երկրորդ որոշումը վերաբերում է ՀՀԿ ներսում գործող հանձնաժողովների թիվը մեկով ավելացնելուն: «ՀՀԿ-ն մեծ կարևորություն է տալու միջկուսակցական կապերի ամրապնդմանը՝ թե ԵԺԿ-ի, թե առաջին հերթին, բնականաբար, Ռուսաստանի ամենազդեցիկ քաղաքական ուժի՝ «Եդինայա Ռոսիա»-ի հետ»,- ասաց Շարմազանովը:
Երրորդ որոշումը, Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ի ծրագրերի փոփոխության մասին է: Կուսակցության խոսնակը հիշեցրեց, որ սույն տարվա աշնանը ՀՀԿ-ն գումարելու է համագումար և նշեց, որ դրան ընդառաջ որոշվել է փոփոխություն մտցնել կուսակցության ծրագրերում, քանի որ դրանք 2006թ.-ից՝ շուրջ տասը տարի, մնացել են անփոփոխ: