Վարչապետը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հիշեցրեց վերցրած պարտքերի մասին
Կառավարության այսօրվա նիստում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2016 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:
«Իսկ նախորդ տարվա բյուջեն որքանո՞վ թերակատարեցիք»,-հարցրեց ՀՀ վարչապետը: Մարտին սարգսյանն էլ պատասխանեց, թե մոտ 12 տոկոսով:
«Հիմա որ դուք 4 մլրդ 304 մլն դրամ պլանավորել եք, բա որ չհավաքագրեք էդ գումարները, ի՞նչ ենք անելու»,- նկատեց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունից ակնկալիք չունենան:
Մարտին Սարգսյանն էլ ասաց, թե այդ դեպքում միայն առաջնային խնդիրները կլուծեն, իսկ երբ գումարները հավաքագրվեն, կանցնեն մնացած ծրագրերին:
Վարչապետը հանդիմանությամբ հիշեցրեց Սարգսյանին հին պարտքերի մասին. «Մի մոռացեք, որ անցած տարվա փողերը վերցրել եք հետ վերադարձնելու պայմանով: Հիշեցնեմ ձեզ էլի, ձեզ վնաս է, որ հիշեք, բայց ես հիշեցնեմ…», -ասաց վարչապետը: