Բերման են ենթարկվել ակտիվիստներ և ակցիային չմասնակցող քաղաքացիներ. Վարուժան Ավետիսյան
«Նոր Հայաստան» շարժման անդամները բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, ով Ամանորի գիշերվանից կալանավորված է ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով:
Երևանի Մաշտոց պողոտայում ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով ակտիվիստներից մեկը վիրավորվել է, իսկ 16-ը՝ բերման է ենթարկվել:
«Ոստիկանների կողմից բերման են ենթարկվել ոչ միայն ակցիայի մասնակիցները, այլև պատահական անցորդներ, ովքեր պարզապես փորձել են պաշտպանել ակտիվիստներին»,-այդ մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ ցուցարարներից Ռուզաննա Եղնուկյանը ստացել է գլխի բաց վնասվածք, նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կետրոն:
Վարուժան Ավետիսյանը դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկեն:
«Առայժմ փորձում ենք հասկանալ իրավիճակը և պարզել, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամն, ով անձամբ ներկա չի եղել ակցիային: