Թուրքիան նոր մանրամասներ է հրապարակել Բրյուսելի պայթյունների իրականացնողների վերաբերյալ
Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության մասնակից մահապարտ եղբայրներից մեկի՝ Իբրահիմ ալ-Բաքրաունի՝Թուրքիայի անվտանգության ծառայության կողմից արված նկարները հայտնվել են համացանցում: Այս մասին հայտնում է Sondakika.com լրատվական կայքը:
2015թ.-ի հունիս ամսին «Իսլամական պետությանը» անդամակցելու համար վերջինս ժամանել է Թուրքիա՝ Սիրիա անցնելու նպատակով: Սակայն ճանապարհին մահապարտը Գազիանթեփի անվտանգության և հակաահաբեկչական ծառայության վարչության կողմից ենթարկվել է երկօրյա կալանավորման, ապա երկրից դուրս գալու հնարավորություն ստացել: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռ. Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե իրենք այս դեպքի հետ կապված նախապես տեղեկացրել էին Բելգիայի իշխանություններին, սակայն որևէ արձագանք չէին ստացել:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում, իսկ քիչ ավելի ուշ նաև մետրոյում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որի հետևանքով զոհվել էին 31, վիրավորվել 250 հոգի: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: