Կոնդեցիները պահանջում են հանդիպում վարչապետի հետ. (տեսանյութ)
Այսօր՝ մարտի 24-ին, կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Կոնդի բնակիչներն, ովքեր պահանջում էին ընդունելություն և հանդիպում վարչապետի հետ:
Արդեն 10 տարի նրանք պահանջում են փոխհատուցում կառավարության որոշման համաձայն քանդված տների դիմաց: Սակայն մինչ օրս նրանց բողոքի ձայնը մնացել է անարձագանք:
Այս անգամ էլ հուսահատ կոնդեցիները կառավարության մուտքի դիմաց հանդիպելով ոստիկանության պատին՝ որոշեցին փակել հրապարակից Տիգրան Մեծ պողոտա մտնող ճանապարհահատվածը:
Այստեղ էլ ոստիկանությունն արագ պատնեշեց դեպի փողոց մտնող հատվածը: Ցուցարարներից մի քանիսին այնուամենայնիվ հաջողվեց ճեղքել այն և փողոց դուրս գալ: Տեղի ունեցավ բախում ոստիկանների ու ցուցարարների միջև:
Կոնդեցիներից մի քանիսը գոռացին.«Սրանք դեռ չգիտեն, որ կոնդեցին կատաղեց՝ ինչ կարա անի»:
Ի վերջո ոստիկանության աշխատակցին հաջողվեց համոզել և ճանապարհից հանել ցուցարարներին: Ոստիկանները ցուցարարներին խոստացան հանդիպում վարչապետի հետ:
Քիչ հետո նրանց կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը հայտնեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կոնդի բնակիչների հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնելու:
Սակայն Կոնդի բնակիչներին չգոհացրեց նրա պատասխանը, և նրանք անձամբ հանդիպում էին պահանջում վարչապետի հետ: Այս պահանջով նրանք պատրաստվում են երեքշաբթի 11.30-ին նորից կառավարության շենքի դիմաց:
Մանրամասները՝ տեսանյութում