Գնացեք, Բաղրամյանում ցույց անող անհետ կորածների ծնողներին հարցրեք՝ ո՞ր հարցն է հետաքրքրում՝ սրբազանների կուսակրոնությո՞ւնը, թե՞` իր երեխան որտեղ է․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
«Ադրբեջանի պահանջով եկեղեցու դեմ իրականացվող արշավը քողարկում եք եկեղեցու կանոնները պաշտպանելու դիրքերից հանդես եկող մարդու իրականացրած արշավի ներքո, իրականացնում եք Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով, ասում եք՝ անում ենք, որովհետև երդում եք խախտում»։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով նիստերի դահլիճում նստած Նիկոլ Փաշինյանին։
«Հայ ժողովրդին տված խոստում ու երդում կա՞, որ պահել եք, Ալիևին տվածները չենք հաշվում»,- հարցրեց նա Փաշինյանին։
Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար, եթե անգամ եկեղեցու բոլոր սրբազանները խախտած լինեին կուսակրոնության ուխտը, ոչինչ է այն հանցանքների առջև, որոնք Փաշինյանն ու իր թիմն իրականացրել են։
«Գնացեք, Բաղրամյանում ցույց անող անհետ կորած զինծառայողների ծնողներին հարցրեք՝ ո՞ր հարցն է հետաքրքրում... Հետաքրքրո՞ւմ է արդյոք սրբազաններից որևէ մեկը ենթադրյալ ուխտը խախտե՞լ է, թե՞` իր երեխան որտեղ է։ Մեր ո՞ր խնդիրն է այս խնդրի հետ կապված։ Ինչո՞ւ եք այս խնդիրն արհեստականորեն օրակարգ բերել։ Որ հիմնական հարցերին չպատասխանե՞ք։ Հաստատ կուսակրոն հոգևորականների ենթադրյալ իրենց ուխտը խախտելու հետևանքով չէ Եռաբլուրը մեծացել, կրկնապատկվել, ու մենք անվտանգային ճգնաժամի մեջ ենք»,-ասաց նա։