Իմպիչմենտի գործընթացը վաղուց սկսված է և դատապարտված չէ. Սերժ Սարգսյան
Ի սկզբանե դատապարտված չէ՞ իմպիչմենտի գործընթացը, երբ 36 պատգամավորի ստորագրություն չկա: Այսպիսի հարց ուղղեցին լրագրողները Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որի ղեկավարած կուսակցությունը նախաձեռնել է իմպիչմենտի գործընթաց:
«Իհարկե, ոչ: 36-ը ի՞նչ կապ ունի: Ես գիտե՞ք` ինչից եմ զարմանում` լրագրողը թեմայով, որ հետաքրքրվում է, ինքը ուշադիր չի հետևում տարբեր մարդկանց բացատրություններին: Եթե դուք երեկ լսած լինեիք Հայկ Մամիջանյանին, այդ հարցը չէիք տա: Մեզ 54 է պետք, 36 չի պետք: Գործընթացը վաղուց սկսված է: Գործընթացը սկսվում է, երբ Ազգային ժողովի մեկ պատգամավոր վարչապետի թեկնածու է առաջադրում»,- ասաց Սարգսյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե նիստերի դահլիճ բերելու համար 36 ստորագրություն է պետք, Երրորդ նախագահը կրկին հակադարձեց. «Բայց մենք ասել ենք, որ նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54 ստորագրություն»: