Թրամփը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2000 զինծառայող
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Լոս Անջելեսում տեղակայել Ազգային գվարդիայի ևս 2000 զինվոր, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը։
Այս մասին X-ում գրել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։
«Ինձ հենց նոր տեղեկացրին, որ Թրամփը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2000 զինվոր», - ասել է նա։
Նյուսոմը համոզված է, որ նման հրաման տալով՝ Թրամփը չի գործել հասարակական անվտանգության շահերից ելնելով, այլ պարզապես ցանկացել է բավարարել իր նախագահական սնապարծությունը։
Նահանգապետը պնդում է, որ Լոս Անջելես նախկինում ուղարկված Ազգային գվարդիայի 2000 զինվորներից միայն 300-ն են ակտիվորեն ներգրավված ցույցերի դեմ պայքարում, մինչդեռ մնացածը անգործ նստած են դաշնային շենքերում: