Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ ծեծի գործով նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի գործով նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, մարտի 8-ին ժամը 22:15-ի սահմաններում Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի բաժնում քաղաքացի Արթուր Գ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազը օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ միջադեպին մասնակցել է նաեւ Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը: Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Ոստիկանությունը նույնպես ծառայողական քննություն է անցկացնում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: