Եկեղեցու վերաբերյալ վարչապետի բառամթերքը, այո՛, սուր է, բայց դա չի հատում իրավականության սահմանը. Գալյան
ՀՀ Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ բնույթի նորմ, ըստ որի, ՀՀ-ն ընդունում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սահմանադրական կարգի խախտում չէ՞ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ներքին հարցերին միջամտելը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի օգտագործած բառամթերքին, ապա, ըստ Սրբուհի Գալյանի, խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել։
«Այո՛, սուր երանգներ պարունակող բառամթերք է, և եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ խնդիր չկա։ Մենք այսօր ունենք խնդիր, ունենք եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ։ Եկեղեցականները պարտավոր են հետևել որոշակի կանոնների, որոշակի կանոնների էլ պարտավոր են հետևել նաև պաշտոնյաները, քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը՝ հետևի՞ այդ կանոնների պահպանմանը, թե՞ ոչ»,-ասաց նախարարը։