Բելգիան մարտի 22-ից ժամանակավորապես փակել է իր դեսպանատունն ու գլխավոր հյուպատոսությունը Թուրքիայում
Բելգիան մարտի 22-ից ժամանակավորապես փակել է իր դեսպանատունն ու գլխավոր հյուպատոսությունը Թուրքիայում առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում եւ կարճ ժամանակ անց մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից հետո:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNNTurk հեռուստաալիքը` նշելով, որ բելգիական դիվանագիտական ներկայացուցչությունում հեռախոսազանգերին պատասխանում է ավտոմատը` չնշելով այն փակվելու պատճառները:
Ուշագրավ է, որ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր Գայե Ուսլուն Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների համար պատասխանատվությունը դրել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վրա: Twitter-ի իր էջում նա հիշեցրել է Էրդողանի` 2 օր առաջ Եվրոպային ուղղված «ահաբեկչությունը ձեզ էլ կհասնի» արտահայտությունը եւ դա որակել որպես սպառնալիք` կապ տեսնելով այդ խոսքերի ու տեղի ունեցած ահաբկեչության միջեւ:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթն էլ մեջբերել է Բրյուսելում ահաբեկչության գործողության հետ կապված Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքիրի հետեւյալ խոսքերը` «PKK-ի դրոշները` Բրյուսելում փոփողալը խառնում է մեր ներսը», «Բրյուսելում միջադեպը PKK-ի ահաբեկիչներին վրան խփելու եւ պրոպագանդելու Բելգիայի կառավարության թույլտվության հետեւանքն է»: