Պուտինը և Զելենսկին շատ համառ են. Թրամփ
Ոչ միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին շատ համառ են: Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը նաև հավելել է, որ բանակցությունների ընթացքում Կիևին ռուսական հարվածները «շատ զարմացնում և հիասթափեցնում են» իրեն։
«Ես շատ զարմացա, որ Կիևի նման քաղաքների վրա հրթիռներ արձակվեցին բանակցությունների ընթացքում, որոնք, կարծում էի, որ ավարտվելու են: Մենք արդեն մոտենում էինք խնդրի լուծմանը, և հանկարծ սկսվեցին հրթիռակոծությունները»,- դժգոհել է Թրամփը: Քաղաքական գործիչը հավելել է, որ «նման անակնկալներ չի սիրում»։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ դեռևս ակնկալում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների արագ ավարտ։