Զանգեզուրի միջանցքի բացումը կամրապնդի Հարավային Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները. Էրդողան
Զանգեզուրի միջանցքը ոչ միայն հնարավորություն է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ ցամաքային կապ ունենալու, այլև Թուրքիայի միջոցով թյուրքական աշխարհին ինտեգրվելու նոր ուղի։
Այս մասին Ադրբեջանից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքի բացումը կարճ ժամանակում կամրապնդի նաև Հարավային Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները.
«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանը և զարգացմանը»,-նշել է Էրդողանը:
Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիան վճռականորեն աջակցում է Ադրբեջանի ջանքերին՝ վերականգնելու և զարգացնելու Լեռնային Ղարաբաղը:
«Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը նույնպես կարևոր զարգացում է կայունության ճանապարհին, և մենք ցանկանում ենք, որ այս գործընթացն ավարտվի մոտ ապագայում», - հավելել է նա։