«Նա լիովին խելագարվել է». Թրամփը քննադատել է Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լիովին խելագարվել է, և որ Վլադիմիր Զելենսկու հռետորաբանությունը միայն սրում է հակամարտությունը։
«Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան պատահեց։ Նա լիովին խելագարվել է։ Նա անմիտ կերպով շատ մարդկանց է սպանում, և ես միայն զինվորների մասին չեմ խոսում։ Հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվում ուկրաինական քաղաքների ուղղությամբ», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Նրա խոսքով՝ Պուտինը սկզբում ցանկանում էր ամբողջ Ուկրաինան, և եթե նա հասնի դրան, դա կհանգեցնի Ռուսաստանի անկմանը:
Ուկրաինայի նախագահի հասցեին նաև քննադատություններ է հնչեցրել Թրամփը. «Զելենսկին իր երկրին ընդհանրապես չի օգնում այսպես խոսելով։ Նրա ասած ամեն ինչ խնդրահարույց է. ինձ դա դուր չի գալիս, և դա պետք է դադարեցվի»։