Ծաղկաձորում կվադրոցիկլի ղեկին շրջանավարտներ են եղել. մահացածները 18-ամյա աղջիկներ են եղել
Այսօր՝ մայիսի 24-ին, Shamshyan.com-ը հայտնել էր, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է, և կան զոհեր:
Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով՝ մահացել են:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով մահացածները 2007-2008 թվականներին ծնված աղջիկներ են, նրանք երեկ տոնել են իրենց վերջին զանգը։
4 ընկերներով գնացել են Ծաղկաձոր, «Bagi» մակնիշի կվարդրոցիկլ են վարձակալել, որից հետո տեղի է ունեցել վթարը։ Ըստ կայքի աղբյուրի՝ վթարի ենթարկվածները Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտներն են։