Տարածաշրջանում ստեղծվել են խաղաղության համար շատ բարենպաստ պայմաններ. Հաջիև
Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Տարածաշրջանում ստեղծվել են խաղաղության համար շատ բարենպաստ պայմաններ։ Հարավային Կովկասում ի հայտ է եկել նոր ստատուս քվո և նոր իրականություն։ Եվ այս ստատուս քվոն հիմնված է ոչ թե օկուպացիայի և ագրեսիայի հիման վրա, այլ միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և օրինականության վրա հիմնված հարաբերությունների վրա։ Բաքուն հայկական կողմին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խաղաղության պայմանագրի տեքստը։ Սա վառ ապացույցն է այն բանի, թե որքանով է Ադրբեջանը հավատարիմ խաղաղության տարածաշրջանային օրակարգին և որքանով է աջակցում դրան։ Դրական է այն, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Սակայն կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն Հայաստանի հետ։ Որպեսզի մենք կարողանանք կայուն, վերջնական խաղաղության հասնել տարածաշրջանում, պետք է վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններին»,-նշել է Հաջիևը:
«Այսօր տարածաշրջանում իսկապես տիրում է խաղաղություն, կայունություն։ Փաստացի կարելի է ասել, որ տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի դա իրավաբանորեն ձևակերպվի, որպեսզի տարածաշրջանում հաստատվի վերջնական խաղաղություն»,-ասել է Հաջիևը: