Նոր մանրամասներ՝ գայլի կողմից հոշոտված կնոջ դեպքից
Վայոց ձորի Խաչիկ գյուղում գայլերի կողմից հոշոտված կինը շտապօգնության մեքենայով Եղեգնաձորի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Այս մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
75-ամյա կնոջը Եղեգնաձորի բժշկական կենտրոնում ցուցաբերել են առաջին բուժօգնություն՝ վիրակապելով վերքերը:
Այժմ կինը, դեմքի և վերին վերջույթների վնասվածքներով, գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում:
Շուշան Հունանյանի փոխանցմամբ՝ «Էրեբունի» ԲԿ միկրովիրաբույժների և դիմածնոտային վիրաբույժների նախնական զննությունից հետո, կատարվել են համակարգչային տոմոգրաֆիկ և անհարժեշտ այլ հետազոտություններ, վերականգնողական անհապաղ վիրահատության որոշում է կայացվել է:
«Այս պահին հիվանդը արդեն վիրասրահում է, որտեղ աշխատելու են մի քանի վիրահատական խմբեր: Վիրահատությունից հետո միայն հնարավոր կլինի գնահատել վնասվածքների խորությունը և որոշել հետագա անելիքները: Մասնագետների նախնական կանխատեսումներով մի քանի շաբաթ անց հիվանդը պլաստիկ վիրահատության կարիք ևս կունենա»,-ասաց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 20-ին` ժամը 07:48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշետել է մի քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ տուժածը հանդիսանում է գյուղի բնակիչ Ռ. Հ.-ը (1941 թ. ծնված), ով դեմքի և ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ:
Պարզվել է, որ Ռ. Հ.-ին վնասել է գայլը: