Հնդկաստանը Պակիստանի դեմ սկսել է «Սինդուր» ռազմական գործողությունը
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան՝ սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում ահաբեկչական ենթակառուցվածքներին։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Ըստ Samaa TV-ի՝ ստեղծված իրավիճակի պատճառով Իսլամաբադը 48 ժամով փակել է իր օդային տարածքը և պատասխան հրթիռային հարձակում է իրականացրել Հնդկաստանում գտնվող թիրախների ուղղությամբ:
Ինչպես նշել է News 18 հեռուստաալիքը, Պակիստանում ահաբեկչական ճամբարների վրա Հնդկաստանի կողմից հասցված հարվածների արդյունքում սպանվել է առնվազն 12 և վիրավորվել 55 ահաբեկիչ։ Պակիստանի զինված ուժերը հայտնել են, որ Հնդկաստանի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորվել՝ 35-ը։ Հնդկական կողմը, իր հերթին, հայտնել է Իսլամաբադի պատասխան գործողություններից հետո առնվազն երեք բնակչի մահվան մասին։
ANI գործակալության տվյալներով՝ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը գործողության արդյունքների վերաբերյալ ճեպազրույց կանցկացնի ժամը 10:00-ին: