Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին. Սթիվեն Վիտկոֆ
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին՝ մայիսի 10-11-ին:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Վիտկոֆը։
«ԱՄՆ-ն փորձում է համաձայնության գալ Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլի անցկացման շուրջ այս շաբաթվա վերջին», - ասել է նա։
«Եթե սա տեղի չունենա, դա կլինի միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք կատարած այցի պատճառով», - ասել է հատուկ դեսպանը:
Նրա խոսքով՝ Իրանի հետ բանակցությունները դրական են ընթանում:
«Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել։ Հուսով եմ՝ նրանք բանակցությունները տանում են ճիշտ ուղղությամբ։ Նախագահը ցանկանում է, որ սա լուծվի դիվանագիտական ճանապարհով, եթե հնարավոր է, ուստի մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դրանք շարունակվեն», - ասել է Վիտկոֆը։