Քաղաքացուն թայֆախմբով ծեծի ենթարկած թաղապետը «ցավում է» կատարվածի համար և «ներողամտություն հայցում» (տեսանյութ)
«Բռնության որևէ ձև` լինի ֆիզիկական, կամ խոսքով, վիրավորանքով, սադրանքով մեզ համար անընդունելի է»: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և մի խումբ աշխատակիցների կողմից հանրային գործիչ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքին։
Նա հավելեց, որ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից և, մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են վարչական շրջաններում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն՝ կյանքի բոլոր պարագաներում։
Ավինյանի որակմամբ` Չախոյանի արարքը սադրանք էր։
«Սադրանքներն ամենուր են, բայց չպետք է բռնությամբ պատասխանել»,-ասաց նա՝ հավելելով, որ դեպքով կա քրեական գործ և երկրորդ կողմ:
Ավինյանը, դիմելով Նոր Նորքի թաղապետին՝ ասաց․ «Տեր-Մարգարյան, կարծում եմ ասելիք ունեք»։
Տիգրան Տեր-Մարգարյանը դիմեց գործընկերներին՝ ասելով որ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեր սադրանքին, պետք է առավելագույնս զսպվածություն ցուցաբեր։
«Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզանից ու մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն և հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասաց Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարը։