Մի օր ձեր պատասխան տալու, օրը կգա՝ սպասում եմ այդ օրվան․ զոհվածի մայր
44-օրյա պատերազմում զոհված հերոս Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերջին օրերին ստիպված եմ եղել լսել վիրավորանքներ ու անհարգալից արտահայտություններ՝ միայն այն պատճառով, որ համարձակվել եմ իմ կարծիքը հայտնել Աննա Հակոբյանի վերաբերյալ։ Ոմանք, չկարողանալով հանդուրժել այլակարծությունը, անցել են անձնական վիրավորանքների՝ անվանելով ինձ անբարոյական, ծախված, և փորձելով արժեզրկել իմ արցախցի ինքնությունը։
Ուստի, եթե ունեք այդ մեղադրանքները բարձրաձայնելու համարձակություն, ապա խնդրում եմ՝ ներկայացրեք նաև ձեր ապացույցները։ Հակառակ դեպքում, ձեր խոսքը մնում է զրպարտություն։ Իմ դեմքի ետևում ես եմ՝ մաքուր խղճով, սրտով ու արժանապատվությամբ։ Ես մշեցու թոռ եմ և բարոյականությունը ինձ համար երբեք սակարկելի չէ։ Ես չեմ ծախվում և չեմ ծախում իմ որդու արյան գինը։
Երբ դուք նոր էիք գալիս իշխանության, հպարտությամբ հայտարարում էիք՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Հիմա ի՞նչ է փոխվել։ Ինչու՞ եք մոռացել ձեր իսկ խոսքերը։ Ինչու՞ եք ատելություն սերմանում արցախցու նկատմամբ։ Հիշեք՝ երբ վիրավորում եք ինձ, վիրավորում եք նաև այն հիշողությունը, որը ես կրում եմ՝ զոհվածների, անհետ կորածների ու բռնի տեղահանվածների մասին։
Աննա Հակոբյան, մի օր դուք պատասխան եք տալու՝ ձեր խոսքերի, ձեր լռության ու ձեր արարքների համար։ Աստծու առաջ պատասխան եք տալու ամեն մի ցավի համար, որ պատճառել եք արդար մարդկանց, որովհետև արդարության ձայնը հնարավոր չէ լռեցնել։
Խնդրում եմ՝ հեռու մնացեք ինձանից։ Ես չեմ վախենում ճշմարտություն ասել։ Ես խաղաղություն եմ ուզում՝ բայց ոչ լռություն արժանապատվության դիմաց։