Ճամբարակի ԲԿ-ի բժշկուհին մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ
Ճամբարակի բժշկական կենտրոնի բժշկուհի, զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի անդամ Ռոզա Ավալյանը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ: Ըստ մեղադրական եզրակացության` բժշկուհին 2015թ. հունիսի 18-ին ցուցաբերել է պաշտոնեական անփութություն, այն է, պատշաճ չի կատարել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի բնակիչ Նվեր Հովհաննիսյանի ատամնաշարի հետազոտությունը: Ռոզա Ավալյանը չի հայտնաբերել Ն.Հովհաննիսյանի մոտ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու համար հիմք հանդիսացող «Վերին եւ ստորին ծնոտների մասնակի երկրորդային ադենտիա/ 7 ծամիչ՝ ստորին, 3 ծամիչ՝ վերին ծնոտների վրա/, ծամողական ֆունկցիայի չափավոր խանգարումով» հիվանդությունը: Այս ամենի հետեւանքով Հովհաննիսյանը մեկնել է ծառայության, սակայն 2 ամիս անց ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ զորացրվել է:
Բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: