Գազայում հրադադարի շուրջ Կահիրեում ընթացող բանակցությունները առաջընթաց են գրանցել. Reuters
Գազայի հատվածում հրադադարի հասնելու շուրջ Կահիրեում ընթացող բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել։ Այս մասին Reuters-ին հայտնել են մի շարք աղբյուրներ։ Սկզբնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել Գազայի հատվածում երկարաժամկետ հրադադարի վերաբերյալ, սակայն որոշ վիճելի հարցեր մնացել են, այդ թվում՝ Համասի զինման հարցը։
Եգիպտոսի «Կահիրե լրատվական ալիքն» ավելի վաղ հաղորդել էր, որ Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Մահմուդ Ռաշադը Կահիրեում պետք է հանդիպեր իսրայելական պատվիրակության հետ՝ ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի գլխավորությամբ։
Հեռուստաալիքը հավելել է, որ հանդիպումը Կատարի և Եգիպտոսի կողմից Գազայի հատվածում Իսրայելի և Համասի միջև հրադադարի ռեժիմը վերականգնելու ջանքերի մի մասն է։
Հավելենք, որ Եգիպտոսը, Կատարի և Միացյալ Նահանգների հետ միասին, գլխավորում է Գազայում 18 ամիս շարունակվող ավերիչ պատերազմին վերջ դնելու դիվանագիտական ջանքերը։