Գյումրիում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 անձ, այդ թվում՝ 3 փրկարար, տեղափոխվել է բժշկական հաստատություն, վարորդը մահացել է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 29-ին ժամը 10։13-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։
«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում խոշոր վթար է եղել․ բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ» և տարբեր մեքենաներ։