Պակիստանի պաշտպանության նախարարը խոսել է Հնդկաստանի դեմ պատերազմի մասին
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը պարզաբանել է, որ ինքը չի կանխատեսել Հնդկաստանի հետ պատերազմի սկիզբը, այլ իր մտադրությունն է ցույց տալ ստեղծված իրավիճակի լրջությունը։
«Ինձ հարցրին պատերազմի հնարավորության մասին։ Ես ասացի, որ հաջորդ երեք-չորս օրերը կարևոր են, բայց չասացի, որ պատերազմը կսկսվի երեք օրվա ընթացքում», - նրա խոսքերն է մեջբերում Geo TV-ն։
Նա ասել է, որ չնայած չի կանխատեսում ռազմական գործողությունների մեկնարկ, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ, քանի որ երկու երկրների զորքերը տեղակայված են սահմանների երկայնքով։
«Սպառնալիք կա, և եթե նման իրավիճակ առաջանա, մենք լիովին պատրաստ կլինենք։ Եթե մեզ վրա հարձակվեն, մենք արժանի պատասխան կտանք», - հավելել է նախարարը։
Ավելի վաղ Պակիստանի ՊՆ ղեկավարը նշել էր, որ Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմը կարող է սկսվել 2-4 օրից։