Թբիլիսին պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը. Վրաստանի ԱԳՆ ղեկավար
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի հաստատումը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանը։
Այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ ճեպազրույցում։
Նրա խոսքով, Վրաստանն անկեղծորեն ցանկանում է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
«Ուրախ եմ, որ անցյալ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը, և հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել տարածաշրջանի բարգավաճման համար»,- նշել է նա։
Բոչորիշվիլին ասել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը, հատկապես այն նախագծերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական զարգացմանը։