ԱՄՆ-ը հայտնում է Եմենում հութիների Ռաս Իսա նավահանգստի ոչնչացման մասին. կան զոհեր
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ ամերիկյան հարվածի արդյունքում ոչնչացվել է Եմենի Ռաս Իսա նավահանգիստը, որը գտնվում է Կարմիր ծովի ափին գտնվող Ալ-Հոդեյդա նահանգում։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
«ԱՄՆ ուժերի գործողություններն ուղղված էին հութիների ռազմական ուժերի վառելիքի աղբյուրը ոչնչացնելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հութիների կողմից վերահսկվող Ռաս Իսա նավահանգստի ոչնչացումն արմատական կազմակերպությանը զրկել է նավթամթերքների վաճառքից և վառելիքի հասանելիությունից: Նշվում է նաև, որ հարվածի հետևանքով հութիների շրջանում կա մոտ 20 զոհ: