ՀՀ ԶՈւ պատրաստ են պահպանել հրադադար, եթե հակառակորդը ևս հետևի հրադադարի կոչին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հրադադարի կոչին: Իր ֆեյսբուքյան էջում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես գրել է.
«Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին հայտարարում ենք, որ ՀՀ Զինված ուժերը պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե Ադրբեջանական ԶՈւ-ը ևս դրական կարձագանքեն վերոհիշյալ կոչին»,-գրել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել խուսափել գործողություններից, որոնք Զատկի եւ Նովրուզ Բայրամի նախօրեին կարող են լարվածության աճի հանգեցնել։