ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հրադադարի առաջարկը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է Իսրայելի առաջարկած 6-շաբաթյա հրադադարի ծրագիրը, որը պետք է ազատեր ողջ մնացած իսրայելցի պատանդների կեսին՝ խմբավորման զինաթափման դիմաց:
Կահիրեի բանակցություններին ծանոթ պաղեստինյան բարձրաստիճան աղբյուրը BBC-ին հայտնել է, որ Իսրայելի առաջարկը Համասին փոխանցվել է Եգիպտոսի միջոցով: Այն ներառում էր ամբողջական զինաթափման պահանջ՝ առանց Իսրայելի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու կամ իր զորքերը Գազայի հատվածից դուրս բերելու որևէ պարտավորության:
«Այդ պատճառով ՀԱՄԱՍ-ը լիովին մերժել է Իսրայելի նախաձեռնությունը»,- նշել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ Թել Ավիվը փորձում է ժամանակ շահել եւ պատանդներին վերադարձնել՝ առանց պատերազմը դադարեցնելու, ինչը ՀԱՄԱՍ-ն անընդունելի է համարում։
Աղբյուրը նաև ընդգծել է, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ներառի Իսրայելի պարտավորությունը դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել զորքերը Գազայից: