Խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է կատարի բոլոր պայմանները. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիային
Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածաշրջանային խնդիրներին երրորդ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի միջամտությունն անվանել է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության հասնելու խոչընդոտներից մեկը։
Այս մասին «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությունները։
Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատելիս առաջընթաց են գրանցել, սակայն այն ստորագրելու և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար պետք է կատարվեն բոլոր պայմանները։
«Մասնավորապես, դա Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջների վերացումն է, որոնք ամրագրված են այս երկրի Սահմանադրությամբ, ինչպես նաև ապակայունացնող արտաքին միջամտության դադարեցում, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով` Բարրոյի հայտարարությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության վերաբերյալ ենթադրյալ անհանգստության մասին բացահայտում են պաշտոնական Փարիզի կեղծավորությունը։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը լրագրողներին ասել էր Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանական սահմանին լարվածության մասին։ Նրա խոսքով, Ֆրանսիան անհանգստացած է այս վիճակով։