Հութիները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելին
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հարձակումներ են իրականացրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի և Իսրայելի արևելքում գտնվող Սդոտ Միհա ռազմակայանի վրա։
Այս մասին հայտարարել է հութիների կողմից ձևավորված զինված ուժերի ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ օգտագործելով երկու բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ մեկ «Պաղեստին-2» տիպի հիպերձայնային հրթիռ՝ հարվածելով Սդոտ Միհա բազային»,- ասել է նա Al Masirah հեռուստաալիքի եթերում:
Հութիները նաև «Զուլֆիկար» հրթիռով հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա և անօդաչու թռչող սարքի հարվածներ են հասցրել Իսրայելի հարավ-արևմուտքում գտնվող Աշկերոն քաղաքի մոտ գտնվող թիրախներին,- ասել է Սարիան։