Թրամփը ցանկանում է, որ Իրանը բարգավաճի՝ բայց առանց միջուկային զենքի
Միացյալ Նահանգների վարչակազմը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել:
Այս մասին Air Force One-ում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ցանկանում եմ, որ Իրանը լինի հիանալի, մեծ, երջանիկ երկիր, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, և մենք կխորհրդակցենք նրանց հետ: Մենք մեծ հանդիպում կունենանք նրանց հետ: Ես ցանկանում եմ, որ Իրանը բարգավաճ լինի, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ», - ընդգծել է Թրամփը:
Հիշեցնենք, որ այսօր Օմանում կկայանա ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցը: Սպիտակ տան տվյալներով՝ բանակցությունները կանցկացվեն ուղղակիորեն, սակայն, ըստ Թեհրանի՝ միջնորդների միջոցով։
Ակնկալվում է, որ ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։