Մենք չենք կարող պատկերացնել, որ անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ակնկալում է, որ Հայաստանը քայլեր կձեռնարկի երկրի տարածքային ամբողջականության և իրենց սահմանադրության վերաբերյալ։
«Երբ դա արվի և ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, այն ժամանակ Հարավային Կովկասի համար խոչընդոտներ չեն լինի՝ փորձելով դառնալ ինտեգրված տարածաշրջան», - ասել է Ալիևը ADA համալսարանում «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ։
«Կարծում եմ, որ սա կարող է շահեկան իրավիճակ լինել հարավկովկասյան երեք երկրների համար: Եվ, լինելով իրատես, մենք, իհարկե, չենք կարող պատկերացնել, որ մենք անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ: Սա անիրատեսական է, և նույնիսկ ինչ-որ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ»,- նշել է Ալիևը՝ ընդգծելով, որ վերջին շրջանում որոշակի նախաձեռնություններ կան, և Ադրբեջանը կսպասի հայկական կողմի դիրքորոշմանը։