Ռեյտինգային քվեարկությունը շիլաշփոթ է առաջացնելու, շունը տիրոջը չի ճանաչի. ՕԵԿ պատգամավոր
Ընտրական օրենսգրքի հարցով իշխանությունների գործելաոճն անընդունելի է:
Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նրա դիտարկմամբ՝ մինչ այս խորհրդարանում ընդհանուր տեքստը ստանալուց առաջ ձևավորվում էր աշխատանքային խումբ և ընդհանուր լայն քննարկումներից հետո որոշակի կոնսենսունս էր ձեռք բերվում, իսկ այս պարագայում ամեն ինչ ստվերայի է եղել:
«Սա առաջին դեպքն է, որ փաստաթուղթը ստվերային կերպով ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, որից հետո միայն մենք ծանոթացանք և ուսումնասիրեցինք»,-ասաց Մարգարյանը:
ՕԵԿ պատգամավորը մասնավորապես առանձնացրեց մի քանի սկզբունքային դրույթներ, որոնք չլուծելու դեպքում կեղծիքներ կլինեն. քվեացուցակների հրապարակումը, արդյունքների ամփոփումը ընտրատարածքներում:
Այդ թվում Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ նաև համամասնական ընտրակարգին:
Ըստ պատգամավորի՝ դա խայտառակ ձև է, որի անունը դրվել է ռեյտինգային:
«Սա ավելի վատն է լինելու, քանի որ ծիածանի գույները բավարար չեն լինի, եթե 15-20 թեկնածուներ առաջադրվեն: Դա գիտակցաբար շիլաշփոթ է ստեղծելու, որ շունը տիրոջը չճանաչի, ուշադրություն շեղեն: Եթե ուզում են մարզերից ներկայացուցիչ, ապա կանանց խնդիրը ոնց է եղել, հիմա էլ դրեք մարզերից, թող ցուցակում յուրաքանչյուր երրորդը կամ չորրորդը լինի մարզի ներկայացուցիչ»,-ասաց նա: