ՀՀԿ-ն սլաքը կրկին ուղղեց դեպի Սերժ Սարգսյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եւ այսպես. խորհրդարանում հայտնի լեզվակռվի ժամանակ Կարեն Ավագյանն ու Շմայսը ակտիվացան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի հարցին պետք է պատասխաներ Հովիկ Աբրահամյանի թիմակից Արփինե Հովհաննիսյանը: Ուշադրություն՝ արդարադատության նախարարը, ով մի ծպտուն էլ չհանեց իր դեմ կատարվող բառիս բուն իմաստով խուլիգանության կապակցությամբ: Դե խաղն այնքան բարդ էր, որ տվյալ պարագայում վարչապետի թիմին ձեռք էր տալիս, որ Շմայսը ստանձնի Սերժ Սարգսյանի «պաշտպանությունը», իսկ ես կասեի՝ խորտակումը: Իրավիճակը շատ նման էր Նիկոլ Փաշինյան-Դավիթ Հարությունյան նախորդած բանավեճին, երբ Դավիթը խաղն այնպես գրագետ ուղղորդեց, որ Նիկոլը Հովիկ Աբրահամյանին ակամա հանգիստ թողեց ու անցավ Սերժ Սարգսյանի վրայով, ինչը նույնպես ձեռնտու էր վարչապետական թեւին, ինչպես այժմ: Երիտահանրապետական Կարեն Ավագյանը հավանաբար հաշվարկել էր կամ հանձնարարություն ուներ, որ Նիկոլին ավելի թեժացնի վարչապետական թեւի դեմ, բայց Շմայսը ալիքները խառնեց ու սլաքը կրկին գնաց դեպի Սերժ Սարգսյանը: Դե քանի որ դա բարենպաստ ուղղությամբ էր գնացել, Հովիկ Աբրահամյանի թեւն իսկի ջանք էլ չգործադրեց իրավիճակը «շտկելու» ուղղությամբ: Նա իրեն պահում էր իբրեւ խեղճ ձայնազուրկ: Սերժ Սարգսյանի հավատարիմներից էլ Էդիկ Շարմազանովը փորձում էր ձայնը փոխանցել Արփինե Հովհաննիսյնաին, բայց նա համառորեն չէր ցանկանում «հարվածն» իր վրա վերցնել: Ու այս խաղում կրկին պարտվեց Սերժ Սարգսյանը: Совпадение? Не думаю…
Հիշենք, որ դրան էլ նախորդել էր երիտհանրապետականների կողմից համատարած ու զորախմբով անեծքակոխը իրենց այն անհայտ թիմակցին, ով մամուլ էր շպրտել լուրը, թե երիտհանրապետականները աղոթում են Գալուստ Սահակյանի մահը, որ տեղը զբաղեցնեն: Ակնհայտորեն չէին էլ թաքցնում, որ լուրի պատվիրատուն ՀՀԿ-ական է, ով կապ ունի ընդդիմադիր մամուլի հետ…. Հետեւաբար պետք էր լիցք տալ ընդդեմ վարչապետական թեւի, բայց ստացվեց ինչպես միշտ….
Ահա այսպիսի կուռ եւ կայացած իշխող թիմ…»: