Խոշոր գումարներ է շորթել զինվորների ծնողներից
Մարտի 16-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, տարբեր հանցագործությունների համար նախկինում 11 անգամ դատապարտված, 1969թ. ծնված Համլետ Ռաֆիկի Ղազարյանը: Վերջինս տևական ժամանակ, ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից՝ իրենց որդիներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու պատրվակով, խոշոր գումարներ է շորթել՝ պատճառաբանելով, որ վերցված գումարներն իբր օրինական մուծումներ են:
Համլետ Ղազարյանի անօրինական գործունեության աշխարհագրությունը ընդգրկել է ՀՀ գրեթե բոլոր մարզերի տասնյակ գյուղեր:
Կապվելով տարբեր մարզերի գյուղապետերի հետ, Համլետ Ղազարյանը ներկայանալով որպես բարձրաստիճան զինվորական, առաջարկել է համայնքներից ԼՂՀ-ում ծառայող զինվորների ծնողներին փոխանցել իր հեռախոսահամարը՝ իրենց զավակներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու համար: Հետագայում համաձայնություն ձեռք բերելու դեպքում՝ Համլետ Ղազարյանը, հանդիպելով զինվորների ծնողներին, յուրաքանչյուրից խաբեությամբ շորթել է 160.000-200.000 ՀՀ դրամ: Համլետ Ղազարյանն իր հանցավոր գործունեությամբ ոչ միայն խաբել է տասնյակ քաղաքացիների, այլ նաև վարկաբեկել ՀՀ և ԼՂՀ Զինված Ուժերը:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
Համլետ Ղազարյանի անօրինական գործունեությունից տուժած քաղաքացիներին ԱԱԾ-ն կոչ է անում զանգահարել՝ 010-57-94-07 և 011-52-95-56 հեռախոսահամարներով, կամ դիմել ԱԱԾ Քննչական վարչություն: