Մենք ոչ թե պաշտոնների սակարկության մեջ ենք մտնում, այլ քվեարկում ենք՝ հանուն ՔՊ-ի իշխանազրկման

Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը գրում է․ ««Մայր Հայաստան» դաշինքը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էր՝ նվազագույն քաղաքական նպատակ ունենալով «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումը, իսկ առավելագույնը՝ քաղաքի կառավարման ղեկը ստանձնելը:
Մենք քարոզարշավից առաջ հրապարակել էինք մեր սկզբունքները և մեկ միլիմետր անգամ չենք շեղվել այդ սկզբունքներից:
Ուրախ եմ, որ անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը» դաշինքը վերջապես հրապարակեց իր որոշումը: Սա համարում եմ բոլորիս հաղթանակը:
Այս պահին կարող եմ ասել, որ մենք նպաստեցինք, որպեսզի «Մայր Հայաստանի» նվազագույն խնդիրը՝ ՔՊ-ի իշխանազրկումը, իրականություն դառնա և ժողովրդի պահանջը կյանքի կոչվի:
Ուզում եմ հատուկ նշել, որ մենք ոչ թե կոալիցիա ենք կազմում կամ պաշտոնների սակարկության մեջ մտնում, այլ քվեարկում ենք՝ հանուն ՔՊ-ի իշխանազրկման:
Մեր հետագա գործունեությունը քաղաքապետարանում և դրանից դուրս բխելու է բացառապես մեր այն ծրագրերից, որոնց համար քվե ենք ստացել և որոնք բխում են Գյումրու, գյումրեցիների շահերից»: