Իսկ Լուկաշենկոն Զելենսկուն զգուշացրել էր
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դեռ երեք տարի առաջ նախազգուշացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն այն մասին, որ Միացյալ Նահանգներում կարող է փոխվել իշխանությունը, ինչը բացասական հետեւանքներ կունենա Ուկրաինայի հանդեպ ԱՄՆ վերաբերմունքի վրա։
Լուկաշենկոն հիշել է, որ բելառուսական Գոմելում եւ Բելովեժյան Պուշչայում բանակցությունների սկզբներում, երբ դեռ նոր նոր էր սկսել ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինքը խոսել է Վլադիմիր Զելենսկու հետ եւ ասել, որ հիմա մեղավորներ պետք չէ փնտրել՝ հետո կգտնվեն։ Կարեւորը այն է, որ հիմա Ուկրաինայում պատերազմ է ու Զելենսկին ստիպված է լինելու պատասխան տալ այն բանի համար, որ պատերազմն Ուկրաինայի տարածքում է։ «Իսկ հետո ասացի՝ հիշիր, դա դասական պատմություն է։ Վաղը Ամերիկայում ղեկավարություն կփոխվի եւ ուր ես լինելու դու»։,- նշել է Լուկաշենկոն։