Գրանցվել են մասնակի ցրտահարություններ. վնասի չափերի մասին խոսելը դեռ վաղ է
Անցյալ գիշեր, այսօր և վաղը կանխատեսվել են ցրտահարություններ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գիշերը ջերմաստիճանի առավելապես մեծ անկում գրանցվել է Զվարթնոցում, Փարաքարում և Մերձավանում:
Այս շրջաններում գրանցվել է -5…-6 աստիճան ցուրտ: Տեղ-տեղ գետինը պատվել է սառույցով:
Արարատում, Արմավիրում, Մեղրիում, Արենիում ջերմաստիճանի անկում է գրանցվել: Գյուղնախարարությունում արդեն 4 օր է ընթանում է խորհրդատվություններ վնասի չափերը փոքրացնելու և ցրտահարությունից պաշտպանվելու ուղղությամբ աշխատանքեր կիրառելու համար:
Գյուղնախարարը հորդորում է շարունակել ավանդական եղանակներով պաշտպանել այգիները՝ մասնավորապես ծխահարել և ոռոգել դրանք:
«Այս պահին դեռևս չենք գնահատել, թե որքան են կորուստները, քանի որ այսօր դեռ վաղ է խոսել դրա մասին: Քանի որ ոչ բոլոր վայրերում էին ծառերը ծաղկել, ուստի այս պահի դրությամբ մեծ ցրտահարություններ չեն գրանցվել: Եղել են մասնակի ցրտահարություններ»,-ասաց գյուղնախարարը: