Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ զենքերը վայր դնելու ժամանակը կրճատվում է շագրենի կաշու պես. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կուրսկի մարզում զենքերը վայր դնելու ուկրաինական ուժերին ուղղված առաջարկը դեռ ուժի մեջ է, սակայն Կիեւի համար ժամանակը սպառվում է, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ ուժի մեջ է,- պատասխանել է նա համապատասխան հարցին։- Նրանց ժամանակը կրճատվում է, ինչպես շագրենի կաշին»:
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ Պուտինն ուկրաինացի զինյալներին Կուրսկի մարզում երաշխավորել էր կյանք եւ արժանապատիվ վերաբերմունք զենքերը վայր դնելու եւ հանձնվելու դեպքում։ Սակայն որպեսզի դա տեղի ունենա, համապատասխան հրահանգը պետք է տա Կիեւի ռազմաքաղաքական ղեկավարությունը, նշել է ՌԴ նախագահը։
Պուտինն այդ կերպ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին, որն առաջարկել է «խնայել» ուկրաինական կազմավորումները Կուրսկի մարզում։