Արտակարգ դեպք` Խարբերդում. քաղաքացին սպառնում է պայթեցնել տունը
Այսօր լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրում էր, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա։
Ոստիկանությունից հայտնում են, որ անմիջապես նշված հասցե է մեկնել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։
Ահազանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդն իրավապահներին է հանձնել նռնակները։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։