Առավոտյան հայտնաբերվել է Արագածում անհայտ կորած իսպանացի լեռնագնացի դին
Այսօր առավոտյան ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են Արագածում ձնահյուսքի հետևանքով անհետ կորած օտարերկրացի քաղաքացու դին՝ հայտնում է Փրկարար ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է նաև «Արմենիան հելիքոփթերս» ընկերության մեկ ուղղաթիռ։
Հիշեցնենք, որ երեկ Արագած լեռան վրա ձնահյուսքի հետևանքով արշավախումբ է կորել։ Մասնավորապես, մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Նախնական տվյալներով 8 լեռնագնացներ (Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած։