Ուկրաինան հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի մասին
Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև հրադադարի ռեժիմի շուրջ բանակցությունների տեխնիկական փուլը կանցկացվի հաջորդ շաբաթ։ Նա նշել է, որ կքննարկեն հրադադարի իրականացման և դրա պահպանումն ապահովելու հարցերը, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
Երմակը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև երկխոսությունը կշարունակվի։ Տեխնիկական մակարդակով այս բանակցությունների շրջանակում կողմերը կքննարկեն 30-օրյա հրադադարի հաստատման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ջիդդայում տեղի են ունեցել բանակցություններ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև, որոնք տևել են մոտ 9,5 ժամ։ Հանդիպումից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն, որում Ուկրաինան հայտնել է իր պատրաստակամությունը ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը 30-օրյա հրադադարի մասին, իսկ ԱՄՆ-ը խոստացել է վերսկսել օգնությունն ու հետախուզության փոխանակումը։
Զելենսկին միաժամանակ պարզաբանել է, որ Ուկրաինան միակողմանի չի դադարեցնի կրակը։