Իմ ղեկավարած կառույցն ընտրական գործընթացներին չի միջամտելու. Դավիթ Լոքյան
«Բազմաթիվ խորհրդակցություններ են եղել, ինչպես ինձ մոտ, այնպես էլ վարչապետի, տրվել են հանձնարարականներ, ծրագրերն իրականացնելու, տեմպերն արագացնելու հետ կապված և այլն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ՝ անդրադառնալով հարցին թե այս ընթացքում ի՞նչ փոփոխություններ եք ձեռնարկել, մարզերի, մարզպետների հետ կապված եղել են արդյոք խորհրդակցություններ:
Դավիթ Լոքյանի խոսքով` իր ղեկավարած կառույցն ընտրական գործընթացներին չի միջամտելու: Ըստ նրա` առաջիկայում կպատրաստվի փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինի մարզերի զարգացման հեռանկարները: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ ւ է Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մարզպետարանում աշխատանքի է ընդունել Դաշնակցական գործիչներին, նախարարը նախ նշեց, որ տեղյակ չէ, հետո ավելացրեց, թե չի կարծում, որ ամբողջ մարզպետարանում աշխատանքի են անցել ՀՅԴ-ականներ: «Դա մարզպետի իրավասության ներքո է, բայց չեմ կարծում, որ ամբողջ կազմը ՀՅԴ-ից է»:
Ըստ Լոքյանի` նա հայեցողական պաշտոններին կարող է նշանակել այն անձանց, ովքեր իր շրջանակից են: