Ստամբուլում գողերը հայ բժշկի տնից 517 հազար ԱՄՆ դոլար են գողացել
Ստամբուլում ավազակային հարձակման միջոցով ազգությամբ հայ բժշկի տուն են թալանել։ Տեղեկացնում է Ագոս թերթը։
Մարտի 15-ին անհայտ անձինք մտել են ստամբուլահայ հայտնի բժիշկ 77 ամյա Հակոբ Կոթողյանի բնակարան և կապել տանը գտնվող Սյուզան Կոթողյանին։ Նրանք պահանջել են հայտնել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը։ Կինը սկզբից հրաժարվել է հայտնել գաղտնաբառը, սակայն չդիմանալով կտտանքներին ասել է այն։ Գողերը Կոթողյանների բնակարանից գողացել են 1․5 մլն թուրքական լիրա, որ կազմում է մոտ 517 հազար ԱՄՆ դոլար։
Գողերի հեռանալուց հետո կինը մի կերպ ազատվել է կապանքներից և զանգահարել ոստիկանություն և Հակոբ Կոթողյանին։ Ոստիկանների հետ ժամանած շտապ օգնության անձնակազմը կնոջը տեղափոխել է հիվանդանոց։ Կատարվում է հետաքննություն ավազակներին հայտնաբերելու ուղղությամբ։